Անցնել բովանդակությանը

Առողջապահական ծառայություններ

ՀՀ կառավարության որոշմամբ ԼՂ-ի փախստականները՝ առանց տարիքային ու այլ սահմանափակումների, ՀՀ-ում բուժօգնություն են ստանում և սպասարկվում են անվճար/արտոնյալ հիմունքներով կամ համավճարով։ Այս բաժինը քեզ կտրամադրի հստակ տեղեկություններ հասանելի անվճար/համավճարային հիմունքով տրամադրվող առողջապահական ծառայությունների և դրանցից օգտվելու ընթացակարգերի մասին, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված տեղահանվածների խմբերի մասին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքն այս պարագայում չի զրկում փախստականին անվճար և արտոնյալ հիմունքներով բուժօգնություն ստանալու իրավունքից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ եթե փախստական անձը մեկ օրացույցային տարվա ընթացքում 183 և ավելի օր բացակայում է ՀՀ-ից, ապա զրկվում է անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունից։

Անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունները և դրանց տրամադրման կարգը

Անվճար հիմունքներով հասանելի ծառայություններ

ԼՂ փախստականներին հասանելի անվճար առողջապահական ծառայություններն են՝ 

  • պոլիկլինիկայի բժշկի` թերապևտ/ընտանեկան բժիշկ/ մանկաբույժ և այլ մասնագիտական խորհրդատվություններ

  • լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ (օրինակ` արյան  և մեզի հետազոտություններ և այլն, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություններ, ռենտգենաբանական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն և այլն)

  • կանխարգելիչ զննություններ

  • հղիների նախածննդյան և ծննդկանների հետծննդյան (42 օր) հսկողություն

  • պոլիկլինիկայի բժշկի կողմից տնային կանչեր

  • դեղերի դուրսգրում և տրամադրում` դեղատների միջոցով 

  • կանխարգելիչ պատվաստումների իրականացում

  • վերակենդանացման բժշկական օգնության ծառայություններ

  • տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ

  • հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության

ծառայություններ

  • ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

  • հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ

  • hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,

  • ծննդօգնություն և հղիության ախտաբանություն,

  • չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայություններ` անվճար, իսկ քիմիաթերապևտիկ բուժումը` համավճարային սկզբունքով,

  • սուր վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում,

  • այրվածքաբանական ծառայություններ,

  • Հեպատիտ C ախտորոշմամբ անձանց բժշկական օգնության և սպասարկման

  • ծառայություններ.

  • վիրահատական, ինչպես նաև ցանկացած այլ ոչ վիրահատական, կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունների սրացումների և բարդությունների թերապևտիկ բուժում

  • վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ

  • ստոմատոլոգիական բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ ատամի հեռացում, պուլպիտի բուժում, պերիօդոնտիտի բուժում, կարիեսի բուժում

  • շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:

Թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող անվճար բուժօգնության ծառայություններ

1) գլխուղեղի և ողնուղեղի էնդովասկուլյար բուժում (ներառյալ միայն միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).

2) կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

3) շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական

վիրահատությունների ժամանակ.

4) ստորին վերջույթների խոշոր և պերիֆերիկ զարկերակների և կորոնար անոթների

ստենտավորում՝ դեղապատ առավելագույնը 3 ստենտով, բալոնային դիլատացիա՝

առավելագույնը 3 բալոնով, անգիոպլաստիկա.

5) սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում.

6) սրտի փականների պրոթեզավորում.

7) սրտի կծկումները սինխրոնացնող ռիթմավար սարքերի (Pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի)՝ 3 տարի շահագործման պայմաններով․

8) փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա՝ 3 տարի

շահագործման պայմաններով.

9) կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման

պայմաններով․

10) լրացուցիչ անցուղիների կաթետերային աբլացիա.

11) վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակի.

12) բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում.

13) տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ՝ սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում.

14) սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը), այդ

թվում՝ ժամանակավոր.

15) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ մեխերի, հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում.

16) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ.

17) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա։

18) Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը IMRT և VMAT մեթոդներով՝

Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու կարգը

Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու համար դու պետք է գրանցվես քեզ համար նախընտրելի պոլիկլինիկայի բժիշկի/ թերապևտի մոտ։ 

Ինչպե՞ս գրանցվեմ ԱԱՊ բժշկի (թերապևտի) մոտ

  • Եթե դու ապրում ես Երևան քաղաքում, ապա կարող ես դիմել քաղաքի վարչական շրջաններում գործող ցանկացած պոլիկլինիկա/ բժշկական կենտրոն և գրանցվել համապատասխան թերապևտի/ ընտանեկան բժշկի/մանկաբույժի մոտ։ 

  • Եթե ապրում ես մարզում, կարող ես դիմել  տվյալ բնակավայրը սպասարկող  բժշկական  ամբուլատորիա, պոլիկլինիկա, իսկ  ՀՀ մարզերի քաղաքներում բնակվողները տվյալ քաղաքներում գործող բժշկական կենտրոնների կազմում կամ առանձին գործող  պոլիկլինիկաներ: 

Նկատի ունեցիր, որ ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի անձինք, թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները: Գրանցման ընթացքում քո տվյալները ներմուծվում են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» (ArMed eHealth) համակարգ`  հետագա բժշկական օգնությունը կազմակերպելու  նպատակով:

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • անձը հաստատող փաստաթուղթ կամ ID (առկայության դեպքում)

  • մինչև 16 տարեկան երեխաների դեպքում՝ ծննդյան վկայական

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ փախստականը չի կարող միաժամանակ գրանցված լինել մեկից ավելի ԱԱՊ բժիշկի մոտ, բայց իրավունք ունի փոխելու իր բժշկին և ընտրելու նոր բժիշկ` նույն կամ այլ պոլիկլինիկայում, սակայն ոչ ավել, քան չորս անգամ տարվա ընթացքում։ Մշտական բնակության վայր չունեցող փախստականները նույնպես կարող են գրանցվել պոլիկլինիկաներում նույն պայմաններով։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ ուղեգիր

Պոլիկլինիկայի թերապևտի/ընտանեկան բժշկի/մանկաբույժի կողմից ցուցումների առկայության դեպքում քեզ տրամադրվում է էլեկտրոնային ուղեգիր՝ համապատասխան բժշկական հաստատություններում ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության/սպասարկման կազմակերպման նպատակով։ Ուղեգրի հիման դու ստանում ես համապատասխան բուժօգնությունը/ծառայությունը անվճար կամ համավճարային սկզբունքով։ Բուժհաստատությունների ցանկը՝ ըստ մարզի և կոնկրետ բնակավայրի, կարող ես գտնել այստեղ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ եթե ուղեգրված բուժհաստատությունում ձեզնից հավելյալ փաստաթղթեր կամ գումար են պահանջում, զանգեք Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ շտապ և անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում ԼՂ-ի փախստականների հոսպիտալացումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) ավագ բուժաշխատողի եզրակացությամբ:


Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված ԼՂ փախստականների խմբերը

ԼՂ-ի փախստականները, որոնք փաստացի բնակվում են Հայաստանի Հանրապետությունում և ունեն ՀՀ ռեզիդենտի կարգավիճակ (մեկ օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր ՀՀ-ում բնակված անձ), ստորև ներկայացված պայմաններին համապատասխանելու դեպքում  ընդգրկվում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում: Համակարգը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից և ներառում է բժշկական ծառայությունների լայն փաթեթ՝ բուժում, ախտորոշում, սքրինինգային ծրագրեր և դեղերի տրամադրում։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին համապարփակ տեղեկություն կարող ես գտնել այս կայքում՝ https://www.uhif.am/am։

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ներառված փախստականներին տրամադրվող ծառայությունների ցանկը կարող ես գտնել այս հղումով։

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ծառայություն մատուցող բժշկական կենտրոնների ցանկին կարող ես ծանոթանալ այստեղ։ Սեղմելով քո նախընտրած բժշակական կենտրոնի անվան վրա՝ դու կտեսնես առաջարկվող ծառայությունները, որոնց մի մասը անվճար են, մի մասի համար սահմանված է համավճար՝ բուժառուի կողմից։

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում անվճար տրամադրվող դեղամիջոցների ցանկը կարող ես գտնել այստեղ։

  • մինչև 18 տարեկան երեխաներ 

  • 65 և ավելի բարձր տարիքի անձինք 

  • հաշմանդամություն ունեցող անձինք 

  • առանց ծնողական խնամքի մնացած երիտասարդներ (մինչև 23 կամ ուսանելու դեպքում՝ մինչև 26 տարեկան) 

  • զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ 

  • հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը (կամ խնամակալը) 

  • անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների անդամներ 

  • բռնադատված անձինք 

  • Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ 

  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, 

  • Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Եթե դու վերոնշյալ խմբերից որևէ մեկին չես պատկանում ու չես աշխատում (չունես գրանցված աշխատավարձ կամ այլ եկամուտ կամ չես զբաղվում ձեռներեցությամբ), չես կարող ընդգրկվել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, բայց կարող ես օգտվել ԼՂ-ի փախստականներին հասանելի անվճար բուժօգնությունից։ Մանրամասները տես Անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունները և դրանց տրամադրման կարգը բաժնում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ աշխատող, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվող փախստականների առողջության համընդհանուր ապահովագրության մանրամասները ներկայացված են հետևյալ տեսանյութում:

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվելու համար առաջին քայլով գրանցվիր քեզ համար նախընտրելի պոլիկլինիկայում թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, ակտիվացրու տեղում տրամադրված վկայագիրը ArMED eHealth հավելվածում, այնուհետ անցիր պարտադիր բժշկական կանխարգելիչ զննում։ Նեղ մասնագիտական աջակցության կամ հետազոտությունների անհրաժեշտության դեպքում թերապևտը քեզ կտրամադրի ուղեգիր, որով դու կարող ես բուժօգնություն ստանալ համակարգի գործընկեր բժշկական կենտրոններում, նախընտրելի մասնագետի մոտ։

Որպեսզի տեղեկանաս առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քեզ հասանելի բժշկական ծառայությունների, բուժհաստատությունների և դեղամիջոցների մասին, պետք է գրանցվես ArMed eHealth հավելվածում։ Հավելվածում կարող են գրանցվել 16  և բարձր տարիքի  անձինք: Մինչև 16 տարեկան անձանց տվյալները հասանելի են նույն հավելվածի՝ ծնողի հետ «Կապակցված անձինք» բաժնում։

Եթե դեռ գրանցված չես ArMed eHealth հավելվածում, այս տեսանյութը կօգնի քեզ այդ հարցում։


Ո՞ր շահառուների ապահովագրության գումարի ո՞ր մասն է փոխհատուցում պետությունը և ո՞րը քաղաքացին վճարում

Ինչպե՞ս գրանցվել Արմեդ հավելվածում


20-40 տարեկան փախստական անզավակ կանանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ

ԼՂ-ի 20-40 տարեկան փախստական կանայք անվճար հիմունքներով կարող են օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծրագրից, որի պայմանները և դիմելու կարգը ներկայացված են ստորև։

1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ ԼՂ-ից տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-40 (ներառյալ) տարիքային խմբին

2) 28-42 (ներառյալ) տարեկան ԼՂ-ից տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող անզավակ կանայք

3) մեկ երեխա ունեցող` ԼՂ-ից տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող և գրանցված ամուսնության մեջ գտնվող 2 տարի և ավելի երկրորդային անպտղության ցուցմամբ զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին,

4) զինծառայության ընթացքում կամ դրա ավարտից հետո զինծառայության/պատերազմական գործողությունների ընթացքում զոհված (մահացած) որդու` ԼՂ-ից տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող ծնողները։ Կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը։

  • դիմում՝ համապատասխան ձևաչափով (ձևը տրամադրվում է տեղում)

  • գրանցված ամուսնության մեջ գտնվելու դեպքում` այդ փաստը հաստատող փաստաթուղթ

  • կնոջ և/կամ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր կամ նույնականացման քարտ)

  • զոհված կամ դատական կարգով բացակայող ճանաչված զինծառայողների ծնողների դեպքում` դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր  

  • էպիկրիզ` նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` առկայության դեպքում

Ծրագրի շրջանակում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար շահառուն պետք է դիմի ՀՀ առողջապահության նախարարության հետ  պայմանագիր ունեցող հետևյալ բժշկական կազմակերպություններին՝ իր ընտրությամբ՝

  1. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

  2. «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ

  3. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ

  4. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն

  5. «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ

  6. «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն

  7. «Այ Վի Էֆ լայֆ» վերարտադրողական կենտրոն

Դիմումը ներկայացվում է բժշկական կազմակերպությունում։ Բժշկական կազմակերպության հանձնաժողովն ուսումնասիրում է փաստաթղթերը և առավելագույնը 20 օրվա ընթացքում տրամադրում կամ մերժում է դիմումը: Դիմումի մերժման դեպքում դիմումատուն չի զրկվում կրկին դիմելու իրավունքից (մերժման հիմքերի վերացման դեպքում): 


Առողջապահության նախարարության թեժ գիծ՝

8003

«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝

011-444-443

Կանանց կենտրոն․ Շուշի՝

041 609-109

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին