Մասնակից կազմակերպություններ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) ձգտում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը: Մեր տեսլականն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, որտեղ երաշխավորված են նրանց խաղաղությունը, անվտանգությունը, ազատությունները, քաղաքացիական մասնակցությունը և սոցիալական արդարությունը:
Գրանցվելով Հայաստանում 2022թ․ դեկտեմբերին որպես անկախ, շահույթ չհետապնդող հիմնադրամ՝ մենք աշխատում ենք վերոնշյալ առաքելության համար՝ հավատարիմ մնալով բաց հասարակության արժեքներին ու գաղափարներին: Մեր ջանքերն ուղղված են աջակցելու ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելու ընդհանուր արժեքների ու փորձի վրա հիմնված գործընկերություններ:
Հիմնադրամն ունի բացառիկ դեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համախմբելու և նրանց աշխատանքն ու ջանքերը համակարգելու գործում՝ այդպիսով զարգացնելով ՔՀԿ-ների ամուր դաշինքները՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։
Մենք իրականացնում ենք մեր ռազմավարությունը մեր ծրագրերի, գործընկեր կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների և արտաքին ֆինանսավորման ապահովման միջոցով, որը ներառում է նաև ենթադրամաշնորհներ:
Քըմիթ Գլոբըլ
Քըմիթ Գլոբըլը միջազգային կազմակերպություն է, որը տեղակայված է Հաագայում (Նիդերլանդներ)։ Կազմակերպության նպատակն է ներդնել անվճար քաղաքացիական ու հումանիտար թվային ենթակառուցվածքներ հասարակական կազմակերպություններին աջակցելու համար։ Տասը տարի առաջ Ռումինիայում հիմնադրված Քըմիթ Գլոբըլը, որպես քաղաքացիական տեխնոլոգիաների կազմակերպություն, իր գործունեության հիմքում ունի երկու ռազմավարական ուղղվածություն՝ հումանիտար և քաղաքացիական ենթակառուցվածքների ստեղծում։
Մենք անվճար հասանելիություն ենք ապահովում կենսական նշանակություն ունեցող թվային ենթակառուցվածքներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աշխարհի տարբեր անկյուններում տուժած բնակչության համար։ Կենսական նշանակություն ունեցող թվային ենթակառուցվածք ասելով մենք հասկանում ենք բաց կոդով թվային գործիքների այն ամբողջությունը, որոնք ռազմավարականորեն ինտեգրված են գլոբալ խնդիրների լուծմանը միտված էկոհամակարգերում և մշտական հիմունքներով հասանելի են քաղաքացիական հասարակությանը։
Փախստականների հարցերով էստոնական խորհուրդ
Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը (ՓՀԷԽ) իրավունքահեն մարդասիրական, ECHO-ի կողմից հավաստագրված հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է ճգնաժամերից տուժած բնակչության իրավունքների և բարեկեցության պաշտպանության ուղղությամբ աշխարհի տարբեր երկրներում։
ՓՀԷԽ-ը արտակարգ իրավիճակների պայմաններում տրամադրում է հրատապ մարդասիրական աջակցություն՝ միաժամանակ օգնելով մարդկանց երկարաժամկետ հեռանկարում վերականգնել իրենց կենսապահովման միջոցները։ Հիմնադրված լինելով 2000 թվականին՝ ներկայումս ՓՀԷԽ-ը դարձել է Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր մարդասիրական կազմակերպությունը։
ՓՀԷԽ-ի հայկական մասնաճյուղը հիմնադրվել է 2023 թվականին՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության մարդասիրական և տնտեսական կարիքները։ Մեր գործունեության հիմնական ծրագրային ուղղություններն են հրատապ մարդասիրական աջակցության տրամադրումը, տնտեսական վերականգնումը, պաշտպանությունն ու հզորացումը։ Փախստականներին տրվող բազմակողմ աջակցությունից զատ, կազմակերպությունն իրականացնում է նաև բնապահպանական-կրթական ծրագրեր՝ ուղղված կանաչ տնտեսության խթանմանն ու էստոնական նորարար փորձառությունը Հայաստանում ներդնելուն։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան 10 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանց է, որոնք միավորված են դադարեցնելու գենդերային հիմքով բռնությունը (ԳԲ) կանանց և աղջիկների նկատմամբ: Կոալիցիայի անդամ կազմակերպությունները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում, համատեղ կենտրոնանում են գենդերային հավասարության և կանանց հզորացման (GEWE) վրա՝ միաժամանակ ակտիվորեն աշխատելով գենդերային բռնությունից կանանց և աղջիկների կանխարգելման և պաշտպանության ուղղությամբ:
Ստեղծման օրվանից Կոալիցիան կարևոր դեր է ունեցել հասարակական դիսկուրսի ձևավորման և պետական քաղաքականության վրա ազդելու գործում: Կոալիցիան մշակել է ավելի քան 30 վերլուծական հետազոտական զեկույցներ, որոնք ներառում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են խտրականությունը, ատելության հանցագործությունները, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ բռնությունը, սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, առողջապահությունն ու դատական պրակտիկան։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առաքելությունն է նպաստել կանանց շահերի և իրավունքների իրացմանը, ջանքերի համախմբմամբ ՝ գենդերային հիմքով բռնության համակարգային հաղթահարման միջոցով:
Կոալիցիայի գործունեության հիմքում հետևյալ արժեքներն են՝
Հավասարություն, համերաշխություն և սոցիալական արդարություն:
Հասարակության բոլոր խմբերի նկատմամբ խտրականության բացակայություն և հանդուրժողականություն:
Մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքներ:
Կոալիցիայի տեսլականն է ունենալ արդար, ներառական, խաղաղ հասարակություն, որտեղ բոլոր կանայք ապրում են արժանապատիվ և ազատ։