Անցնել բովանդակությանը

Փաստաթղթերի վերականգնում

Եթե ԼՂ-ից տեղահանվելիս կորցրել ես անձնական փաստաթղթերը կամ չես հասցրել վերցնել, մի անհանգստացիր, Հայաստանում հնարավոր է դրանք վերականգնել։ Այս բաժնում մենք ամբողջացրել ենք այն հիմնական տեղեկությունները, որոնք քեզ կօգնեն վերականգնել ծննդյան, ամուսնություն, ամուսնալուծության, հայրության ճանաչման և քո հարազատի մահվան վկայականները։ Այս բաժնում տեղեկություն կստանաս նաև աշխատանքային կենսաթոշակի դիմելու ընթացակարգերի վերաբերյալ։


ՀՀ-ում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և մահվան վկայականները վերականգնող մարմինը ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունն է` ՔԿԱԳ-ը (ЗАГС), այն ունի մոտ 50 սպասարկման կենտրոններ ՀՀ բոլոր մարզերում: Սպասարկման կենտրոնների հասցեներին կարող ես ծանոթանալ այստեղ։ Վերոնշյալ փաստաթղթերը վերականգնելու համար մարզերում և Երևան քաղաքում կարող ես մոտենալ ՔԿԱԳ սպասարկման  ցանկացած կենտրոն և տեղում հերթագրվել։ Իսկ Երևան քաղաքում կարող ես այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ նախապես առցանց հերթագրվելով հետևյալ հարթակում՝ https://e-services.moj.am/ .

Ծննդյան (ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և մահվան) վկայականի վերականգնման պետական տուրքի չափը 5,000 ՀՀ դրամ է։ Վճարումը կարող ես կատարել համապատասխան ՔԿԱԳ (ЗАГС) սպասարկման կենտրոնում տեղադրված վճարային տերմինալի միջոցով կամ բանկային փոխանցման միջոցով՝ տեղում տրամադրված հաշվեհամարին: Կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ռազմական գործողությունների մասնակիցներն ազատված են անձնական փաստաթղթերի վերականգնման համար գանձվող պետական տուրքից։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և մահվան վկայականների կրկնօրինակները և բնօրինակները տրամադրվում են այն նույն ընթացակարգով ու եղանակներով, ինչպես ծննդյան վկայականը։ Ընթացակարգի քայլերի հաջորդականությանը ծանոթացիր ստորև։

Ծննդյան վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ տարածքում  գործող ՔԿԱԳ սպասարկման ցանկացած կենտրոն և դիմում ներկայացնել՝ ծննդյան վկայականը վերականգնելու վերաբերյալ։ ԼՂ փախստականների դեպքում ՔԿԱԳ գործակալությունը կորսված փաստաթղթերը վերականգնում է նաև քո ձեռքի տակ եղած ապացույցների առկայության դեպքում, դա կարող է լինել քո ծննդյան վկայականի պատճենը, լուսանկարը, լուսապատճենը (սքան)։ Եթե քեզ մոտ պահպանվել են վերոնշյալ ապացույցները, ապա դիմումը հանձնելու օրվանից հետո 15-օրյա ժամկետում ՔԿԱԳ կենտրոնը կտրամադրի վերականգնված վկայականը:

Եթե ձեռքի տակ չունես ապացուցող փաստաթղթեր, ապա կրկին դիմում ես ներկայացնում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում, որի հիման վրա աշխատակիցը հարցում է ուղարկում ՔԿԱԳ փաստաթղթային արխիվ՝ ստուգում իրականացնելու համար։ Արխիվում փաստաթղթի հայտնաբերման դեպքում քո ծննդյան վկայականը կտրամադրվի 15-օրյա ժամկետում :

ՔԿԱԳ փաստաթղթային արխիվում քո ծննդյան վկայականը չհայտնաբերելու դեպքում դու կստանաս մերժման որոշում։ Այդ պարագայում դու ծննդյան վկայականը ստանալու երկու տարբերակ ունես՝ դիմել նոտարական գրասենյակ կամ դատարան քո ծննդյան փաստը հաստատելու նպատակով։ Ծննդյան փաստը հաստատելու նպատակով ՔԿԱԳ կողմից տրված մերժման որոշումով մոտեցիր ՀՀ ցանկացած նոտարական գրասենյակ՝ ներկայացնելով քեզ մոտ առկա բոլոր փաստաթղթերը։ Այնուհետ նոտարը քեզ կցուցի քայլերի հաջորդականությունը գործընթացն ավարտին հասցնելու համար։ Եթե նշված տարբերակով չի հաջողվել ստանալ ծննդյան վկայականը, ապա դիմիր դատարան։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ նոտարական ծառայությունները վճարովի են․ վճարման չափը, ինչպես նաև գործարքի կատարման ժամկետները կախված են կոնկրետ դեպքի հանգամանքներից ու մանրամասներից։


Ինչպե՞ս կարող եմ դիմել աշխատանքային կենսաթոշակի համար

ԼՂ-ի փախստականների համար աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

  • ՀՀ-ում անձը թոշակի է անցնում են 63 տարեկանից և ստանում աշխատանքային կենսաթոշակ, եթե ունի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։ 10 տարվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցողները ստանում են ծերության նպաստ։

  • ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար դու ընդամենը պետք է ունենաս բնակության վայրի հասցեով հաշվառում, ՀՀ քաղաքացիություն ունենալն այս դեպքում պարտադիր պայման չէ։

  • 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածների համար գործում է կուտակային կենսաթոշակային համակարգը, որի դեպքում կենսաթոշակի ֆոնդը ձևավորվում է նաև անձի աշխատավարձից՝ պարտադիր վճարների տեսքով։

  • Յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ թոշակառուն կարող է դիմել կենսաթոշակի վերահաշվարկի, եթե ավելացել է աշխատանքային ստաժը։

  • Կենսաթոշակառուն կարող է ստանալ 20% հետվճար (քեշբեք) կենսաթոշակային բանկային քարտից անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում, ամսական մինչև 10,000 դրամ:

  • Բացի աշխատանքային կենսաթոշակից՝ ՀՀ-ում գործում են կենսաթոշակի այլ տեսակներ՝ երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և և այլ դեպքերում։

Եթե քո կենսաթոշակի տարիքը լրացել է ՀՀ-ում՝ տեղահանվելուց հետո, ապա կենսաթոշակ ստանալու համար պետք է համապատասխան փաստաթղթերով ներկայանաս և դիմում ներկայացնես ՄՍԾ (Միասնական սոցիալական ծառայություն) նախընտրելի տարածքային կենտրոն հետևյալ հասցեներով։ Կենսաթոշակի դիմումին կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող ես գտնել այստեղ՝։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա, և անձը կարիք չունի այդ ժամանակահատվածի համար փաստաթղթեր ներկայացնել ՄՍԾ (Միասնական սոցիալական ծառայություն)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2026թ․ ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակներն ու նպաստները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով։


Եթե առհասարակ չունես աշխատանքային գրքույկ կամ այն պատշաճ ձևով լրացված չէ, առկա է ջնջում, կնիքները տեղում չեն, ապա կենսաթոշակի դիմելու դեպքում քո աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով կամ կամ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթղթով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ դատական կարգով։ Դատարանում քո աշխատանքային ստաժի փաստը կարող են վկայել նույն վայրում աշխատած անձինք, որոնք հրավիրվում են դատարան` անձամբ վկայություն տալու։ Անհրաժեշտ է, որ այդ անձանց ստաժը հաստատված լինի մինչ այդ (գրքույկով կամ այլ կերպ), որպեսզի դատարանը վստահելի համարի վկայությունները։

Ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ԼՂ-ի փախստականների համար 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝

1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ

2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:


Սակայն ԼՂ-ի փախստականների համար կենսաթոշակի դիմելու ընթացակարգերում կան մի շարք բացառություններ, որոնց համաձայն սոցիալական վճարի կատարումն ու աշխատավարձի ստացումը հավաստող փաստաթղթեր չեն պահանջվում հետևյալ դեպքերում՝

  • եթե աշխատել ես ԼՂ-ի տարածքում գտնվող կոլտնտեսությունում մինչև 1998 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում

  • Եթե դու աշխատել ես ԼՂ-ի տարածքում մինչև 1998 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակարանային շահագործման գրասենյակներում,  տնտեսություններում

  • Եթե աշխատել ես (զբաղեցրել ես պաշտոն) ԼՂ-ի տարածքում 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում և 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 

  • եթե մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար առկա է աշխատանքային ստաժը սահմանող` ԼՂ-ի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը տրված տեղեկանքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ վերոնշյալ կետերը ուժի մեջ են մտել 2025թ․ նոյեմբերին և հետադարձ ուժ չունեն։ Ուստի եթե կենսաթոշակ նշանակվել է մինչ այդ, ու ստաժը հաշվի չի առնվել, ինքնաշխատ ձևով վերահաշվարկ չի կատարվի։ Այսինքն՝ բառացության կարգով հաստատված վերոնշյալ կետերը կիրառելի են միայն 2025թ․ նոյեմբերի 7-ից հետո դիմած անձանց նկատմամբ։


Հարցերի դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

010- 505 303, 098- 505 303

«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝

011-444-443

Կանանց կենտրոն․ Շուշի՝

041 609-109

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին