Անցնել բովանդակությանը

Զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր ԼՂ-ի փախստականների համար

Այս ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝

Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում

Վճարվող աշխատանքային փորձ և աշխատանքի տեղավորում

Մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային փորձ և աշխատանք

Ո՞վ է ծրագրի շահառուն

Ծրագրի շահառու կարող են լինել 2023 թվականին ԼՂ-ից տեղահանված 16-63 տարեկան այն անձինք, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ չեն աշխատում, վերջին երեք ամիսների ընթացքում գրանցված չեն եղել որպես հարկ վճարող և երբևէ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել այն գործատուի հետ, որի մոտ պատրաստվում են ուսուցում կամ պրակտիկա անցնել։ Ծրագրի շահառու կարող են լինել նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պայմաններին։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ 2020 թվականին ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված անձինք։

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը

Ուսուցում և աշխատանքի տեղավորում

Եթե քեզ անհրաժեշտ են լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ գործատուի առաջարկած աշխատանքն իրականացնելու համար, ապա ծրագրի առաջին բաղադրիչը քեզ համար է։ Այս բաղադրիչով կարող ես վերապատրաստվել կամ այն գործատուի մոտ, որը թափուր աշխատատեղ ունի կամ գործատուի կողմից առաջարկված այլ ուսումնական հաստատությունում։ Ուսման տևողությունը առավելագույնը 6 ամիս է, որի ընթացքում կստանաս կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով, և ամսական մինչև 50․000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։ Գործատուի մոտ քո ուսուցումը կազմակերպելու համար Միասինական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնի, գործատուի և քո միջև կնքվում է եռակողմ պայմանագիր։ Ուսուցումն ավարտելուց հետո դու աշխատանքային պայմանագիր կկնքես գործատուի հետ՝ առնվազն 3 ամիս ժամկետով, որի դիմաց գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական մինչև 50,000 դրամի չափով, որպեսզի նա վճարի քո աշխատավարձից գոյացած հարկերն ու սոցիալական վճարները։

* Գործատուների և թափուր աշխատատեղերի մասին կարող ես տեղեկանալ տարածքային ՄՍԾ գրասենյակներից, հասցեներն ու հեռախոսահամարները տես այստեղ։

Վճարվող աշխատանքային պրակտիկա և աշխատանքի տեղավորում

Եթե դու ունես մասնագիտական գիտելիքներ, սակայն չունես բավարար աշխատանքային փորձ, ապա կարող ես օգտվել այս տարբերակից։ Այս բաղադրիչի  շրջանակում կարող ես վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել նախընտրելի գործատուի մոտ։ Դրա համար պետք է այցելես Միասնական սոցիալան ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն, որտեղ քո, գործատուի և ՄՍԾ կենտրոնի միջև կկնքվի եռակողմ պայմանագիր։ Այս պայմանագրից բացի գործատուն օրենսդրությամբ սահմանված կարգով քեզ հետ պետք է կնքի նաև նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում դու ձեռք կբերես աշխատանքային փորձ և կստանաս աշխատավարձ՝ 122.600 ՀՀ դրամի չափով։ Այդ նույն ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ փոխհատուցելու քո աշխատավարձն ու դրանից գոյացած հարկերն ու սոցիալական վճարները։ Աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո կշարունակես գործատուի մոտ աշխատանքը ևս 3 ամիս, որի համար գործատուն ինքնուրույն կվճարի քո աշխատավարձը և կստանա աջակցություն ամսական մինչև 50,000 դրամի չափով՝  քո աշխատավարձից հաշվարկվող հարկերն ու սոցիալական վճարները կատարելու համար։

* Գործատուների և թափուր աշխատատեղերի մասին կարող ես տեղեկանալ տարածքային ՄՍԾ գրասենյակներից, հասցեներն ու հեռախոսահամարները տես այստեղ։

Ուսուցում, վճարվող աշխատանքային պրակտիկա և աշխատանքի տեղավորում

Եթե դու չունես մասնագիտական գիտելիքներ, բավարար հմտություններ ու աշխատանքային փորձ՝ որևէ ոլորտում աշխատանք գտնելու համար, ապա կարող ես դիմել ծրագրի երրորդ բաղադրիչին։ 

Այս բաղադրիչի շրջանակում առաջին փուլով կկազմակերպվի քո մասնագիտական ուսուցումը ինչպես գործատուի մոտ, այնպես էլ գործատուի կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում քեզ կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով և ամսական առավելագույնը ևս 50,000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուն քեզ հետ աշխատանքային պայմանագիր կկնքի առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում դու ձեռք կբերես աշխատանքային փորձ և կստանաս աշխատավարձ 122.600 ՀՀ դրամի չափով, նույն ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 ՀՀ դրամ՝ որպեսզի վճարի քո աշխատավարձն ու դրանից հաշվարկվող հարկերն ու սոցիալական վճարները։ 3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, կարող ես շարունակել գործատուի մոտ քո աշխատանքը, որի դիմաց գործատուն քեզ կշարունակի աշխատավարձ վճարել արդեն սեփական միջոցների հաշվին։ Գործատուին կտրամադրվի ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով աջակցություն՝ քո աշխատավարձից հաշվարկվող հարկերի ու սոցիալական վճարների փոխհատուցման նպատակով։ Գործատուի և քո միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծարելու դեպքում գործատուն պարտավորվում է պետությանը վերադարձնել քո կրթաթոշակի/ուսման վարձի կամ որպես աշխատավարձ վճարված գումարը։

* Գործատուների և թափուր աշխատատեղերի մասին կարող եք տեղեկանալ տարածքային ՄՍԾ գրասենյակներից, հասցեներն ու հեռախոսահամարները տես այստեղ։

Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրին

Ծրագրից օգտվելու համար այցելիր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) նախընտրելի ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ քեզ կբացատրեն քայլերի հաջորդականությունը և կօգնեն լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցեներին կարող ես ծանոթանալ այս հղումով։

Ծրագրին դիմելու ընթացքում և դրանից հետո ծագած բոլոր հարցերի և խոչընդոտների դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝

Միասնական սոցիալական ծառայություն՝

114

«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝

011-444-443

Կանանց կենտրոն․ Շուշի

041 609-109

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին