Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր ԼՂ-ի փախստականների համար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ներկայում Հայաստանում բնակվող անձանց համար սեփական բնակարանի ձեռքբերումը կարևոր գործոն է նրանց սոցիալական կայունության և ինտեգրման տեսանկյունից։ Այս ծրագրի նպատակն է ԼՂ-ի փախստական ընտանիքներին ապահովել երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններով։
Ծրագրի միջոցով դու կարող ես ստանալ աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու/կառուցելու, ինչպես նաև գործող հիպոթեքային վարկը մարելու նպատակով:
Բնակարանային ապահովման ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2027թ․ դեկտեմբերի 31-ն է, ծրագրի շրջանակում ձեռք բերված հավաստագրի իրացման վերջնաժամկետը՝ 2028 թ․ դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմանները
-
Ծրագրի շահառու կարող է լինել 2020 թ․ սեպտեմբերի 27-ի և 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների արդյունքում ԼՂ-ից տեղահանված և ՀՀ-ում փաստացի բնակվող ընտանիքը (նաև միայնակ չափահաս անձը), որի բոլոր անդամները, այդ թվում, անչափահասները, ունեն ՀՀ քաղաքացիություն։ Ծրագրի իմաստով ընտանիքը ծրագրին դիմելու օրվա դրությամբ գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսիններից, այդ թվում, միայնակ ծնողից, նրանց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաներից, ինչպես նաև ցանկացած այլ անդամից բաղկացած միավորն է։ Եթե ընտանիքի անդամը չափահաս է դարձել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո, ապա նա կարող է առանձին դիմել ծրագրին։
Ընտանիքի կազմի մեջ, բացի ընտանիքի անմիջական անդամներից, կարող են ներառվել դիմողի չամուսնացած քույրերն ու եղբայրները, ծնողները, տատիկները, պապիկները: Ընտանիքի անդամ են համարվում նաև մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ այն հանգամանքից, թե ընտանիքը երբ է ներկայացրել ծրագրի դիմում-հայտը և ստացել հավաստագիրը։
Եթե դիմող ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա երեխան համարվում է այն ծնողի ընտանիքի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է։ Եթե նման որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի անդամը, իսկ հայրը կարող է ընդգրկվել դիմում-հայտարարությունում առանց երեխայի։
Հիշեցում․ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են բացառապես օնլայն տարբերակով՝ mcs-citizenship.am հարթակում։ Դիմումի լրացման ձևին ծանոթացիր այստեղ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե՝
ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ հավաստագրով տուն գնած կամ չգնած լինելու հանգամանքից
ընտանիքի անդամներից առնվազն մեկը 2023 թ սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն 50 % և ավելի մասնաբաժնով։
-
ԼՂ-ի փախստական ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դու կարող ես՝
գնել բնակարան կամ տուն
կառուցել անհատական բնակելի տուն
օգտվել գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից
Բոլոր երեք եղանակներով ծրագրից օգտվելու համար պետք է լրացնես համապատասխան դիմում-հայտ ու ստանաս հավաստագիր, որից հետո միայն կարող ես իրացնել այն՝ նախատեսված գումարի չափով։ Ծրագրով տրամադրվող հավաստագրի գումարի չափը սահմանվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին և կախված է այն բնակավայրից, որտեղ որոշել ես տուն/բնակարան գնել կամ կառուցել։
-
ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը ընտանիքի 1 անդամի հաշվով չպետք է լինի 9 քմ-ից պակաս
ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը
հավաստագրով քեզ տրամադրվող գումարը համարվում է հիպոթեքային վարկ, որի մայր գումարն ու տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը։ Վարկի ժամկետը՝ 10 տարի, տոկոսադրույքը՝ 13%, հավաստագրի գումարի 20%-ը կառավարությունն ուղղում է քո կողմից ձեռքբերվող բնակարանի/տան կանխավճարին
հավաստագրով ձեռք բերված գույքի սեփականության իրավունքը պատկանում է հավաստագրի մեջ նշված բոլոր չափահաս անձանց
հավաստագրով ձեռք բերված գույքը կարող ես տրամադրել վարձակալության հիմունքներով, բայց վաճառել չես կարող մինչև վարկի գործողության ժամկետի ավարտը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ծրագրով տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց (օրինակ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նկատմամբ պարտքեր, ժամկետանց վարկային պարտավորություններ և այլն)
-
Եթե նախատեսում ես ոչ թե պատրաստի բնակարան կամ տուն ձեռք բերել, այլ կառուցել ,ապա կարող ես օգտվել ծրագրի ՝«Անհատական բնակելի տան կառուցում» բաղադրիչից, որի պայմանները հետևյալն են՝
տան կառուցապատումն արվում է ծրագրի կողմից հաստատված կառուցապատման տիպային նախագծերից որևէ մեկով։ Դիմումը լրացնելու պահին տիպային նախագծի ընտրությունը պարտադիր է, իսկ հավասատգիրն իրացնելու ընթացքում դու կարող ես տունը կառուցել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ցանկացած նախագծով։ Տիպային նախագծերի ցանկին կարող ես ծանոթանալ այստեղ:
հավաստագրին համարժեք գումարից մինչև 4 միլիոն դրամը թույլատվում է օգտագործել հողամաս ձեռք բերելու նպատակով
հողամաս կարող ես ձեռք բերել նաև հավելյալ հիփոթեքային վարկով
ծրագրի գործընկեր բանկի կողմից տրամադրվող կառուցապատման վարկը կարող ես օգտագործել միայն ծրագրի շրջանակում հավաստագրով ձեռք բերված տվյալ հողամասում տուն կառուցելու համար
հավաստագիրը չես կարող օգտագործել կիսակառույց բնակելի շինություն գնելու և կառուցապատելու նպատակով։
Այս բաղադրիչից օգտվելու համար առաջին քայլով այցելիր https://housing.socservice.am/ և ընտիր ՝«Անհատական բնակելի տան կառուցում» բաղադրիչը։ Հետևելով հրահանգներին՝ լրացրու պահանջող տվյալները և ստացիր հավաստագիրը։ Այցելիր ծրագրի գործընկեր նախընտրելի բանկ, ընտրիր անշարժ գույքի գնահատում իրականացնող կազմակերպություններից մեկը և պատվիրիր հողամասի գնահատումը։ Կազմակերպությունը գործընթացն ավարտելուց հետո քեզ կտրամադրի անշարժ գույքի գնահատման հաշվետվություն։ Եթե հողամասը ձեռք ես բերելու հիփոթեքային վարկավորմամբ, ապա այն գնահատելուց հետո քայլերի հաջորդականությունը կցուցի բանկը։
Եթե հողամասի ձեռքբերման համար նախատեսում ես օգտագործել քո հավաստագրի գումարի 4 մլն-ը, ապա պետք է ձեռքի տակ ունենաս հետևյալ փաստաթղթերն ու տվալները՝
վաճառողի հետ կնքված հողամասի առուվաճառքի տարաժամկետ պայմանագիր, որով նախատեսվում է, որ հողամասի համար կվճարես ավելի ուշ (պայմանագիրը կազմելուց առաջ խորհրդակցիր իրավաբանի հետ)
ձեռք բերվող հողամասի արժեքը
գնահատող կազմակերպությունից տրված՝ հողամասի գնահատման հաշվետվությունը
վաճառողի անունը, ազգանունը, բանկային հաշվեհամարը
հողամասի սեփականության վկայականը
հողամասի պաշտոնական հասցեն՝ բոլոր մանրամասներով
Այս բոլոր փաստաթղթերն ու տվյալները հավաքելուց հետո կրկին այցելիր https://housing.socservice.am/ հարթակ, ընտիր «Անհատական բնակելի տան կառուցում» բաղադրիչը, բացված պատուհանի վերևի աջ մասում սեղմիր «Հողամասի ձեռքբերում» կոճակը և լրացրու պահանջվող տվյալները, կցիր անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմում հայտը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրով նախատեսված գումարը կփոխանցի վաճառողի բանկային հաշվին՝ այդ մասին քեզ տեղեկացնելով էլեկտրոնային փոստով։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ դու կարող ես օգտվել հողամասի ձեռքբերման համար նախատեսված աջակցությունից, եթե հավաստագրով քեզ հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը պակաս չէ հասանելիք աջակցության չափի 80 տոկոսից։ Օրինակ, հավասատագրով քեզ հասանելիք գումարը կազմում է 16 մլն ՀՀ դրամ, դրանից 4 մլն-ը պայմանականորեն հատկացնենք հողամասի ձեռքբերմանը, մնացորդը կկազմի 12 մլն ՀՀ դրամ։ Իսկ հավաստագրով քեզ հասանելիք գումարի, այսինքն, 16 մլն-ի 80 %-ը կազմում է 12,8 մլն։ Հետևաբար, բերված օրինակի պարագայում, դու չես կարող հավաստագրի գումարի 4 մլն-ը հատկացնել հողամասի ձեռքբերմանը։
Թվերը պայմանական են, կարող ես կիրառել հետևյալ բանաձևը՝ քո հավաստագրին համարժեք գումարին համապատասխան՝
Ա - ՀԱ > Ա × 80/100
Ա-աջակցության ընդհանուր գումար, ՀԱ - հողամասի արժեք։
-
Հավաստագրի չափը՝ մեկ անձի հաշվով կազմում է․
3 մլն դրամ՝ Երևան քաղաքում, բացի 1-ին և 2-րդ գոտիներից: Երևան քաղաքի 1-ին և 2-րդ գոտիների ցանկը կարող ես գտնել այս հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/136421
5 մլն դրամ՝ ՀՀ հետևյալ 242 բնակավայրում տուն գնելու/կառուցելու դեպքում (Ցանկ 1)
4 մլն դրամ վերոնշյալ 242 բնակավայրերից և Երևան քաղաքից բացի ՀՀ մյուս բոլոր մարզային բնակավայրերում տուն գնելու/կառուցելու դեպքում
2 մլն դրամ՝ եթե 2024 թ. մայիսի 16-ի դրությամբ ունեք գործող հիփոթեքային վարկ (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում ձեռք բերված գույքի)
3 մլն դրամ՝ եթե ձեր հիփոթեքը ձևակերպվել է 2024 թ. մայիսի 16-ից մինչև 2025 թ. հուլիսի 1-ը ներառյալ (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում ձեռք բերված գույքի)
-
ԼՂ-ի փախստական ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում համագործակցող բանկերն են՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Էվոկաբանկ» ՓԲԸ
«Յունիբանկ» ԲԲԸ
«Ֆասթ բանկ» ՓԲԸ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
«Կոնվերսբանկ» ՓԲԸ
«ԱՄԻՕ» ՓԲԸ
Ինչպե՞ս դիմել ծրագրին
Դիմում-հայտը լրացնելուց առաջ համոզվիր, որ ընտանիքիդ բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Որտե՞ղ պետք է լրացնեմ դիմում-հայտը
Մուտք գործիր https://housing.socservice.am/ հարթակ և ներկայացրու դիմումը համապատասխան բաժնում՝ հետևելով հրահանգներին
Դիմում-հայտն ուսումնասիրելուց և աջակցությունը հաստատելուց հետո քո էլեկտրոնային փոստի հասցեին 10 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկվի քո հավաստագիրը, որում նշված կլինեն դիմող անդամի անձնագրային տվյալները և ընտանիքի բոլոր անդամների անունները։ Հավաստագրի ներքևում տրամադրվում է նաև QR կոդ, որը հարկավոր է ներկայացնել ծրագրի գործընկեր նախընտրելի բանկ՝ գործընթացն սկսելու համար։ Հավաստագիրը գործում է տրամադրման պահից մինչև 2028-ին դեկտեմբերի 31-ը։ Դիմումի մերժման դեպքում դու կստանաս նամակ, որում նշված են մերժման պատճառները։
Ի դեպ, հավաստագիրը կարող ես չեղարկել, քանի դեռ այն չես օգտագործել։ Չեղարկելու համար կարող ես մոտենալ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն, չեղարկման դիմում գրել, այնուհետ լրացնել նորը։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Եթե քո անձնական տվյալները չկան ԼՂ-ից տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա կարող ես դիմում-բողոք ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողով՝ տվյալներդ վերականգնելու համար։ Դիմում-բողոքը կարող ես ներկայացնել e-request.am հարթակում՝ ընտրելով «դիմում, հարցում կամ բողոք» կոճակը կամ անձամբ տանել ՀՀ կառավարական տուն 3, հասցեն՝ Երևան, Նալբանդյան 4/1։ Դիմում-բողոք ներկայացնելու կարգին և դիմումի օրինակին ծանոթացիր այստեղ։ Հանձնաժողովը քո դիմում-բողոքը կուսումնասիրի 45 աշխատանքային օրվա ընթացքում և դրական կամ բացասական պատասխանի դեպքում կծանուցի նամակով։ Եթե միջգերատեսչական հանձնաժողովը չի բավարարել դիմումը, ապա քո իրավունքները վերականգնելու համար կարող ես դիմել դատարան։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ նրանից, թե նրա տվյալները առկա են շտեմարանում, թե ոչ։
Ի՞նչ պետք է անել հավաստագիրը ստանալուց հետո
Համոզվիր, որ գույքի սեփականատերն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ սեփականության վկայական, գույքի օրինական նախագիծ, կցակառույցների կամ հողամասերի դեպքում ՝ դրանց առնչվող իրավական փաստաթղթերը։ Համոզվիր, որ գույքը գրավադրված չէ այլ բանկում կամ բռնագանձման ենթակա չէ։ Գույքի ընտրության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո քեզ տրամադրված QR կոդով, հավաստագրով և անձնական փաստաթղթերով մոտեցիր ծրագրի գործընկեր բանկերից որևէ մեկը։
Նկատի ունեցիր, որ քո հավաստագրին համարժեք գումարն ամբողջությամբ չի կարող հատկացվել քո կողմից ձեռք բերվող գույքի կանխավճարին։ Հավաստագրի գումարի միայն 20%-ն է ուղղվում կանխավճարի մարմանը, մնացորդը պետք է ավելացնես ինքդ։ Օրինակ, եթե քո հավաստագրի գումարը կազմում է 10.000.000 ՀՀ դրամ, իսկ ձեռք բերվող գույքի կանխավճարը՝ 6.000.000, ապա 10.000.000-ից միայն 2.000.000-նն է հատակցում կանխավճարին։
Բանկում քեզ նույնականացնելուց հետո կմեկնարկի հավաստագրի իրացման գործընթացը, որի կողմերը երեքն են՝ դու, տանտերը և Բանկը։ Եթե բոլոր փաստաթղթերն առկա են, բանկը կցուցի քայլերի հաջորդականությունը։
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են կադաստրային գործարքների համար քո կատարված վճարները: Փոխհատուցված գումարը 1-2 ամսվա ընթացքում փոխանցվում է գործընկեր բանկում քո անունով բացված հաշվեհամարին, այն կարող ես կանխիկացվել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Եթե քո ընտանիքն արդեն իրացրել է հավաստագիրը, բայց ընտանիքի մեկ կամ երկու անդամ ուշ են ստացել ու դեռ չեն օգտագործել իրենց հավաստագրերը, ապա նրանք կարող են միավորել դրանք արդեն իրացված հավաստագրի հետ։ Հավաստագրով նրանց հասանելիք գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ։ Դրական մնացորդի օգտագործման պայմաններին ծանոթացեք «Ինչպե՞ս կարելի է օգտագործել հավաստագրի գումարի մնացորդը» բաժնում։
Ինչպե՞ս կարելի է օգտագործել հավաստագրի գումարի մնացորդը
Եթե գույքի ձեռքբերումից հետո աջակցության գումարից մնացորդ է առաջացել, կարող ես օգտագործել այն հետևյալ նպատակներով՝
գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ՝ անկախ ընտանիքի անդամների քանակից
ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ, եթե քո ընտանիքը բաղկացած է 5 անդամից։ Եթե քո ընտանիքի անդամների քանակը հինգից ավելին է, ապա ընտանիքի 6-րդ և ամեն հաջորդ անդամի հաշվարկով վերանորոգման համար տրամադրվում է լրացուցիչ 800.000-ական դրամ։ Հաշվի առ, սակայն, որ տրամադրվող լրացուցիչ գումարի չափը չի կարող գերազանցել 8.000.000 դրամը։
կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ, եթե քո ընտանիքը բաղկացած է 5 հոգուց։ Եթե քո ընտանիքի անդամների քանակը հինգից ավելին է, ապա ընտանիքի 6-րդ և ամեն հաջորդ անդամի հաշվարկով տրամադրվում է լրացուցիչ 400.000 դրամ կահույքի ու կենցաղային տեխնիկայի ձեռք բերման համար։ Տրամադրվող լրացուցիչ գումարի չափը չի կարող գերազանցել 4.000.000 դրամը։
անհատական բնակելի տան վերակառուցում ու տնամերձ տարածքի կառուցապատում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հավաստագրի արդյունքում ավելացված գումարի իրացման ընթացակարգին ծանոթացիր այս հոլովակում։
Ի՞նչ անել, եթե նախընտրած տան արժեքն ավելի է, քան հավաստագրով սահմանված գումարի չափը
Եթե քեզ տրամադրված հավաստագրի արժեքը չի բավականացնում նախընտրած տունը/բնակարանը գնելու/կառուցելու համար, ապա կարող ես դիմել ծրագրի գործընկեր բանկեր՝ հավելյալ հիպոթեքային կամ սպառողական վարկ ձևակերպելու համար։ Հավելյալ վարկավորման դեպքում վարկի տրամադրման պայմանները (ժամկետը և տոկոսադրույքը) կարող են տարբեր լինել՝ պայմանավորված ծրագրի գործընկեր բանկի ընտրությամբ, բայց վարկի գործողության ժամկետը չի կարող պակաս լինել 10 տարուց։ Հավելյալ հիպոթեքային վարկի ձևակերպման համար գործընկեր բանկերը կգնահատեն քո վարկունակությունը՝ ըստ գրանցված եկամուտը հաստատող փաստաթղթերի։ Վարկունակության գնահատումից հետո բանկը կտեղեկացնի վարկ տրամադրելու կամ մերժելու որոշման մասին։ Սպառողական վարկի տրամադրման մանրամասները կարող ես ճշտել նախընտրելի բանկից։
Ո՞ր դեպքերում կարող եմ զրկվել ծրագրով ձեռք բերված գույքից
Ծրագրով նախատեսված աջակցության պայմանները փոխվում են, եթե 10 տարվա ընթացքում քո ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս։ Այս պարագայում ՀՀ սահմաններից դուրս գտնվող ընտանիքի անդամների հաշվով վարկը մարում է քո ընտանիքը։ Բանկը վերահաշվարկ է կատարում է և սահմանում է ամսեկան մարումների նոր ժամանակացույց՝ երկու մասով՝ ՀՀ կառավարության և շահառուի։ Քո ընտանիքի կողմից վարկի մասնաբաժնի ամսեկան մարումների ուշացումների պարագայում գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս կետով սահմանված պայմանները չեն վերաբերում շահառու ընտանիքի այն անդամներին, որոնք սովորում են աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում (համալսարանների ցանկին ծանոթացեք այստեղ), քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով կամ գտնվում են ազատազրկման մեջ։
ԼՂ-ի փախստականների բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշմանը, ինչպես նաև որոշման փոփոխության ակտերին կարող ես ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով՝
https://www.arlis.am/hy/acts/223090/latest
https://www.arlis.am/hy/acts/223073
Ծրագրին դիմելու ընթացքում և դրանից հետո ծագած բոլոր հարցերի և խոչընդոտների դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝
Միասնական սոցիալական ծառայություն՝
114
«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝
011-444-443
Կանանց կենտրոն․ Շուշի՝