Անցնել բովանդակությանը

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր

Այս ծրագրի նպատակն է հրատապ ֆինանսական աջակցություն տրամադրել ԼՂ-ի փախստական կարիքավոր ընտանիքներին։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կազմում է 40,000 դրամ, որին ավելանում է 10,000-ական դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։

Ծրագրի շահառու են այն ընտանիքները, որոնք՝

  • չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում, հյուրատներում

  • որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը, ընդ որում եկամտի մեջ հաշվարկվում են բոլոր տեսակի նպաստները, թոշակը, աշխատավարձը, ցանկացած փոխանցում հաշվին, վարկը, ավանդը

  • որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք

  • որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա

  • մեքենայի գույքահարկը չի գերազանցում 15000 ՀՀ դրամը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․

  • դիմող ընտանիքի բոլոր անդամները պիտի հաշվառված լինեն միևնույն հասցեում

  • ամուսնության պետական գրանցումը պարտադիր պայման է

  • միեւնույն հասցեից ընդունվում է միայն մի դիմում

  • Եթե դու փոխել ես վարձով բնակարանը, ապա փոխիր նաև հաշվառումդ՝ այս ծրագրին դիմելու ընթացքը հեշտացնելու համար։

Աջակցությունից օգտվելու համար մուտք գործիր www.e-social.am հարթակ և ներկայացրու դիմումը։ Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ անձնական օգտահաշիվ։ Ստորև ներկայացնում ենք քո անելիքները՝ կախված նրանից, թե արդեն ունե՞ս օգտահաշիվ, թե՞ ոչ։

Ինչպե՞ս գրանցվել e-social.am հարթակում և ստուգել դիմումի կարգավիճակը

  1. Մուտք գործիր e-social.am կայք և գլխավոր էջում ընտրիր «Գրանցում» բաժինը (եթե այն անմիջապես տեսանելի չէ, ընտրիր «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում», ապա շարունակիր նույն ընթացակարգով)։

  2. Լրացրու պահանջվող անձնական տվյալները։ Գրանցումն ավարտելուց հետո քո նշած էլեկտրոնային հասցեին (Gmail, Mail, iCloud, BK և այլն) կուղարկվի հաստատման նամակ, որն ակտիվ կլինի 30 րոպե։ Բացիր նամակը և սահմանիր քո գաղտնաբառը հարթակի համար

  3. Դրանից հետո կրկին մուտք գործիր e-social.am կայք և ընտրիր «Մուտք» բաժինը։

  4. Մուտք գործելիս մուտքանունի դաշտում նշիր Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ոչ թե էլեկտրոնային հասցեն, և մուտքագրիր նոր սահմանած գաղտնաբառը։

Ինչպե՞ս ստուգել դիմումի կարգավիճակը

Եթե մուտք գործելուց հետո «Իմ դիմումները» բաժինը դատարկ է, դա դեռ չի նշանակում, որ քո դիմումը բացակայում է։ Դիմումը տեսնելու համար հերթականությամբ ընտրիր

  • Ֆիզիկական անձ

  • Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում

  • ԼՂ բռնի տեղահանվածներին հրատապ աջակցություն

Այս բաժնում կբացվի պատուհան, որտեղ կտեսնե քո դիմումը։


Ծրագրին վերաբերող ՀՀ կառավարության որոշումը՝ 

կարդացեք այստեղ

ԼՂ-ի փախստականների առանձին խմբերի անձանց բնակվարձի և կեցության այլ ծախսերի փոխհատուցման ծրագիր

Այս ծրագիրը հանդիսանում է ԼՂ-ի փախստականների համար 2024 թվականին մեկնարկած և գործող 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շարունակությունը՝ որոշ փոփոխություններով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի սահմանափակում ծրագրից օգտվելու հնարավորությունը։ 

2025 թվականի հուլիս ամսվանից սկսած աջակցության չափը կազմում է ամսական 30,000 ՀՀ դրամ։

Աջակցությունից կարող են օգտվել փախստականների հետևյալ խմբերը, որոնց տվյալներն առկա միանվագ դրամական աջակցության շահառուների (100.000-ի ծրագիր) կամ Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված անձանց ցուցակներում՝

  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը/ծանր սահմանափակում ունեցող անձինք, 

  • 63 և ավելի տարեկան անձինք, 

  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք, 

  • մինչև 18 տարեկան երեխաներ

Ծրագրի շահառու չեն հանդիսանում՝

  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձինք

  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձինք

  • պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձինք

  • ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձինք

  • Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակելի անշարժ գույք ունեցող անձինք, բացառությամբ երբ տվյալ անձը՝ ա. ՀՀ-ում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող միայն 1 բնակելի անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից, բ. ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է

Ծրագրին դիմելու համար մուտք գործիր  https://rent.socservice.am/ հարթակ և հրահանգներին հետևելով՝ լրացրու դիմումը։

Եթե դու արդեն հանդիսանում ես 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու, ապա ծրագրից օգտվելու համար նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Եթե դու տվյալ ամսում բացակայել ես ՀՀ-ից 10 օրից ավելի, ապա այդ ամսվա համար աջակցությունը չի տրամադրվում: Եթե երկրից բացակայել ես ոչ ավել, քան 10 օր, ապա վերադառնալուն պես կարող ես կրկին ներկայացնել առցանց դիմում և ստանալ նախորդ ամսվա չտրամադրված աջակցությունը։

Աջակցության տրամադրումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում՝

  • եթե դու նախկինում ստացել ես միայն 10,000 դրամ աջակցություն և չես հանդիսանում հիմնական ծրագրի շահառու, 

  • եթե տվյալ ամսում բացակայել ես Հայաստանի Հանրապետությունից 10 և ավելի օր 

  • եթե չես համապատասխանում ծրագրով սահմանված շահառու խմբերի չափանիշներին տվյալ ժամանակահատվածում։

Ծրագրին վերաբերող ՀՀ կառավարության որոշումը՝

21 նոյեմբերի 2024 թվականի N 1833-Լ

Ծրագրին դիմելու ընթացքում և դրանից հետո ծագած բոլոր հարցերի և խոչընդոտների դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝

Միասնական սոցիալական ծառայություն՝

114

«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝

011-444-443

Կանանց կենտրոն․ Շուշի՝

041 609-109

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին