Անցնել բովանդակությանը

Բնակվարձի մասնակի փոխհատուցման պետական ծրագիր ԼՂ-ի փախստականների՝ փոքր կազմով ընտանիքների համար

Ծրագրի շահառու կարող է լինել 1-3 անդամ ունեցող այն փոքր ընտանիքը, որի անդամները՝

  • ունեն 1-ին կամ 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամություն, կամ խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, կամ 60 և ավելի տարեկան են,

  • անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում

  • անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում

Սույն ծրագրի շրջանակում աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 40․000 ՀՀ դրամ և տրամադրվում է 120 ամիսների ընթացքում։

Ծրագրով առաջարկվող աջակցությունից կարող ես օգտվել, եթե

  • քո ընտանիքի բոլոր անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն (ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մուտք գործեք mcs-citizenship.am հարթակ և լրացրեք օնլայն դիմում)

  • քո ընտանիքի որևէ անդամ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր չի ստացել կամ չեղարկել է արդեն ստացված հավաստագիրը:

  • քո ընտանիքի առնվազն մեկ անդամը 2023թ․ սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ չունի սեփականության իրավունքով բնակարան/բնակելի տուն 50%-ից ավելի մասնաբաժնով կամ յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի գերազացնում12 քմ-ն։

Այս ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունից օգտվելու համար մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը պետք է լրացնես էլեկտրոնային դիմում՝ https://housing.socservice.am/ հարթակում՝ ընտրելով «Առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի փոխհատուցում» տարբերակը՝ տրամադրելով հետևյալ իմֆորմացիան․

  • քո և ընտանիքի անդամների տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթուղթ կամ Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

  • էլեկտրոնային փոստի հասցե և բջջային հեռախոսահամար

  • Փաստացի բնակության հասցեն (որտեղ բնակվում եք վարձակալությամբ)

  • Բանկային հաշվի տվյալներ՝ կից վճարային քարտի համարը և բանկի անունը

  • Կացարանի վարձատուի անուն, ազգանուն և հարկ վճարողի հաշվառման համարը

Եթե քո տրամադրած բոլոր տվյալները համապատասխանեն ծրագրի պահանջներին, դիմումը կհաստատվի, և գումարը կփոխանցվի քո բանկային քարտին։

Աջակցության տրամադրումը կարող է մերժվել կամ դադարեցվել, եթե

  • Քո կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում պետական ռեգիստրում առկա տվյալներին

  • դու կամ քո ընտանիքի անդամը 90 և ավելի օր անընդմեջ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Ընդ որում, այս դեպքում՝ աջակցության տրամադրումը շարունակվում է անձի՝ ՀՀ վերադառնալու ամսվան հաջորդող ամսվանից։ Բայց եթե դու քո ընտանիք անդամը ՀՀ-ից բացակայել եք 183 և ավելի օր անընդմեջ, ապա վերադառնալուց հետո այլևս չեք կարող դիմել աջակցությունը ստանալու համար

  • քո ընտանիքի անդամի մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի (ՔԿԱԳ) կենտրոններից ստացված տվյալներում: Նկատի ունեցիր՝ եթե աջակցությունը ստանալու ընթացքում դիմողը մահացել է, ապա ընտանիքիդ մյուս անդամներից մեկը կարող է խմբագրել դիմումը՝ որպես դիմող նշելով իր տվյալները և շարունակել ստանալ աջակցությունը

  • եթե քո ընտանիքի անդամի համար արդեն առկա է հաստատված դիմում

  • եթե ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի հաստատվել վարձատուի հարկատու լինելու հանգամանքը

  • եթե դու չես ներկայացրել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված բոլոր տվյալները։


Ծրագրին դիմելու ընթացքում և դրանից հետո ծագած բոլոր հարցերի և խոչընդոտների դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝

Միասնական սոցիալական ծառայություն՝

114

«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝

011-444-443

Կանանց կենտրոն․ Շուշի՝

041 609-109

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին