Անցնել բովանդակությանը

Բնակարանի/տան վարձակալություն

Եթե դու առայժմ ապրում ես ՀՀ-ում վարձակալության հիմունքներով, ապա այս ենթաբաժնում կարող ես ծանոթանալ բնակարանի/տան վարձակալության հետ կապված իրավական կարգավորումներին։ Այս բաժնում ներկայացված տեղեկությունը կապ չունի ԼՂ փախստականների համար գործող որևէ պետական ծրագրի հետ։ Այն կօգնի քեզ իրազեկ լինել ինչպես քո՝ որպես վարձակալի, այնպես էլ վարձատուի իրավունքների, պարտականությունների մասին, խուսափել խաբեությունից, զեղծարարությունից ու տհաճ իրավիճակներից։

Գույքի վարձակալության պայմանագիր

Որպես վարձակալ՝ քո իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև խաբեբայությունից, տհաճ իրավիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում անպայման կնքել վարձակալության պայմանագիր։

  • Անշարժ գույքի վարձակալությունը ամրագրվում է գրավոր պայմանագրով, որն, ըստ օրենքի, ենթակա է նոտարական վավերացման։ Առանց նոտարական վավերացման՝ կնքված պայմանագիրը իրավական ուժ չունի, և պայմանագրի կետերի խախտման դեպքում կողմերը չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները՝ օրենքով սահմանված կարգով։ Բացի այդ, անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

  • Վարձակալության պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով՝ կողմերի համաձայնությամբ

  • Վարձակալության պայմանագիրը կարող է կնքվել նաև անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից` 1-3 ամիս առաջ տեղեկացնելով մյուսին

  • Պայմանագրի գործողության ժամկետում սահմանված ամսական վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն վարձատուի ու վարձակալի փոխադարձ համաձայնությամբ

  • Կողմերը պայմանագրում կարող են սահմանել դեպոզիտ՝ որպես երաշխիք այն բանի, որ գույքը վարձատուին կհանձնվի այն վիճակում, որում հանձնվել է վարձակալության՝ առանց վնասների կամ վարձակալի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման ։ Դեպոզիտը սովորաբար սահմանվում է վարձավճարի մեկ ամսվա չափով։ Եթե պայմանագրի ավարտին գույքը վարձատուին վերադարձվել է պատշաճ վիճակում, առանց զգալի նյութական վնասների կամ առանց որևէ պարտքի, օրինակ կոմունալների վճարման, դեպոզիտը հետ է վերադարձվում վարձակալին։

  • Անշարժ գույքի վարձակալությունը գործակալության միջնորդությամբ կատարելու դեպքում գործակալությունը կարող է գանձել գույքի մեկ ամսվա վարձավճարի որոշակի տոկոս (չափը սահմանում է գործակալությունը)

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

Վարձակալության պայմանագրով սահմանվում են վարձատուի ու վարձակալի իրավունքներն ու պարտականությունները։ Կից տես վարձակալության պայմանագրի նմուշ, որը կօգնի քեզ ավելի լավ հասկանալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

Վարձակալի ու վարձատուի միջև ծագած վեճերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (ԳԼՈՒԽ 35) ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ վարձատուն պարտավոր է վճարել եկամտային հարկ՝ վարձակալությունից ստացված եկամուտի 10%-ի չափով։ Հարկային պարտավորությունների չկատարումը կարող է հանգեցնել տուգանքների և իրավական հետևանքների։

Եթե վստահ չես, որ վարձակալության պայմանագրի կնքման գործընթացն ընթանում է օրենքով սահմանված ձևով, դիմիր իրավաբանի խորհրդատվության։ Անվճար խորհրդատվություն կարող ես ստանալ ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակից՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 033 600 714, կամ այցելիր գրասենյակ Երևան քաղաքում, հասցեն՝ Զաքյան 7։

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին